Վրաստանն օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

Վրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը։

Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։

«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», – ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ այդ երկրին ԵՄ-ին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։

Միաժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը որպես ողորմություն համարելը։

«2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը, տնտեսական տեսակետից, պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ այդ որոշումը չի նշանակում, որ Թբիլիսին վերջ է դնում եվրաինտեգրմանը։

Նա հայտարարել է, որ Վրաստանը չի դադարում և շարունակում ենք կատարել ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված պարտավորությունները և, ինչպես նշվում է, այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը Թբիլիսին կկատարի այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։