Դեսպանները Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն լինի

Վրաստանի ղեկավարությունը մտադիր չէ օտարերկրյա դեսպաններին հրավիրել նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 25-ին։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամները, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն։ Ընտրությունները և խորհրդարանի առաջին նիստը մեր ներքին խնդիրներն են, և այս գործընթացում օտարերկրյա պետությունների դեսպանների մասնակցությունն անհրաժեշտ չէ»,- ասել է Պապուաշվիլին։

Նախորդ տարիներին Վրաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ օտարերկրյա դեսպանները ներկա էին լինում օրենսդիր մարմնի առաջին նիստերին։