Այս տարի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ Սուրեն Գրիգորյան

Այս տարի ամանորյա տոնակատարությունների համար ծախսվելու է 549 մլն 706 հազար դրամ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Ես համոզված եմ եղել, որ եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովենք, մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի գնալով ոչ թե բյուջետային առումով ավելի ծախսենք, այլ ֆիքսված գումարը երկարաժամկետ ծախսել՝ ընդլայնելով շրջանակը»,- հայտարարեց փոխքաղաքապետը և հավելեց, թե Թբիլիսիի լավ տոնական լուսավորությունն է պատճառը, որ մեր քաղաքացիները գնում են Թբիլիսի՝ Ամանորը նշելու։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս տարի ծախսվելու է 549 մլն 706 հազար դրամ, միայն 60 մլն դրամ ծախսվելու է Հանրապետության հրապարակի շատրվանների ձևավորման համար, որն իրականացնելու է «Ֆակտորի Պրոդաքշն» ընկերությունը։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ 2022-23 թթ․ ամանորյա տոնակատարությունների համար ծախսվել էր 599.9 մլն դրամ, իսկ նախորդ տարի ծախսել են 626 մլն դրամ։

Այս տարի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին։