ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել

Նոյեմբերի 18-ին 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անկարգապահ միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի և բնականև տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը։
Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է շարունակել կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի ֆորումների շրջանակներում։
ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել՝ հանուն ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման:
Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղապահության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղիները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է իր 81-րդ նստաշրջանի ժամանակավոր օրակարգում «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և այլ կազմակերպությունների միջև համագործակցությունը» վերնագրով ենթակետ ներառել վերնագրված` «ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցությունը»: