Հայաստանի օկուպացված շուրջ 200 ք/կմ տարածքը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Սուրեն Պապիկյան
ՀՀ ՊՆ-ի կողմից իրականացվող 5 ծրագրերով 2025 թ․ նախատեսվում է հատկացնել ավելի քան 664 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թ․ բյուջեի նախագծի քննարկմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Գայթակղությունը մեծ է համեմատություններ անելու նախորդ տարիների պաշտպանական բյուջեների հետ, բայց ես այդ դաշտ չեմ մտնի, ինքներդ արեք ու նաև հանրությունը, նաև հանրությունը թող հետևություններ անի, թե մենք ինչու ենք կարևորում ու մեծարում ՀՀ պետական բյուջեն համալրող քաղաքացիներին»։
Նա հայտնեց, որ մշակվել ու հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, որն արդեն հրապարակվել է։
Նա նաև անդրադարձավ աշխատավարձերի և կուրսանտների վարձատրությանը։
«Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ, կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում վարձատրությունը աճել է 3-10 անգամ 10 հազարից մինչև 175 հազար դրամի։ «Այսինքն, բազայինը 15 000 դրամ է, եթե ՄՈԳ-ը 3 է, կբազմապատկենք 3-ով, ՄՈԳ-ը 4 է՝ 4 անգամ, ու այսպես շարունակ։ Ամեն կուրսում 5 000-ով բազայինը կավելանա։
Ատեստավորված զինծառայողների աշխատավարձերը ևս բարձրացվել է, մասնավորապես, ատեստավորված զինծառայողները արդեն ստանում են 123 000 մինչև 470 000 դրամ հավելավճար»։
Պապիկյանը նշեց, որ ՀՀ բանակում կատարվում են բարեփոխումներ, որոնք միտված են մի բանի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել ՀՀ 29 743 ք/կմ սուվերեն տարածքը։ «Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ, սա պարտավոր ենք սրբորեն կատարել։ Ինչ վերաբերում է ՀՀ 200 կ/քմ օկուպացված տարածքների խնդրին՝ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավելևս այս՝ քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը բացի ՀՀ տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելու՝ այլ խնդիր չունի և չի ունենալու»,-ասաց նախարարը։

