Cop-29-ին մասնակցելու որոշում դեռևս չունենք. ԱԳՆ

Cop-29-ին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Վստահաբար այն պահին, երբ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք, վերջնական որոշում կա մասնակցելու կամ չմասնակցելու և ի՞նչ մակարդակով կմասնակցենք։

Եվրոպական երկրների հայտարարությունները  COP29-ին ընդառաջ գերիների հետ կապված խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և մենք նույնպես այդ աշխատանքներն ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»,- ասաց նա:

Հարցին՝ այս պահին COP29-ի շրջանակներում գերիների վերադարձի, խաղաղության հետ կապված քննարկումներ կա՞ն Բաքվի հետ, Կոստանյանն ասաց. «Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել։

Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից ուղարկված նախագծի 11-րդ խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք։ Դեռևս մնում են, շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները դիտարկելու։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ տարածքների կարգավորման գործընթացում, և կարծում ենք դրական հաղորդագրություններն են, որոնք օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստումը»: