Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրացավ Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրի և Արցախի պատմության վերջին էջը շրջելու գործընթացի 4-րդ տարելիցը։ Տարելից, քանի որ 2020 թվականից հետո լուսաբացները Հայաստանում այլևս տոնական չեղան։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը. այն կոչվեց «Եռակողմ հայտարարություն», որն ընդգրկում էր 9 կետեր: Դրանք են.

  1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
  2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
  3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
  4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  5. Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
  6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
  8. Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է՝ համաձայն ՊՆ-ի կողմից արձանագրված փաստերի։ Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերը բացառությամբ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի: Ըստ համաձայնագրի՝ դրանք պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո. սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրին երկու գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն գործողության ընթացքում գերեվարվեց 62 զինծառայող։

3-րդ կետի վերաբերյալ սկանդալը հասունացավ ստորագրումից 4 տարի անց։ Հայաստանի լարված հարաբերություններն այնքան լարվեցին Ռուսաստանի Դաշնության հետ, որ ՌԴ իշխանությունները որոշեցին ռուս խաղաղապահներին հետ կանչել Մոսկվա, և Լաչինի միջանցքում արդեն տևական ժամանակ է խաղաղապահներ չկան։ Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ խաղաղապահները պետք է Լաչինի միջանցքում մնային 5 տարի, այնինչ նրանք, անգամ 4 տարին չլրացած, հեռացան Հայաստանից։

Հարկ է նշել, որ 5-րդ կետի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ 2021-ի սկզբին Աղդամում տեղակայվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որ հետագայում՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, փակվեց։ Այսինքն՝ սա ևս մեկ ձախողում է եռակողմ պայմանագրի չկատարման հարցում։