Բաքուն խճճվել է կեղծիքի մեջ, իրենց քարտեզում նախ ՀՀ անունն են նշում, հետո՝ հակասում «պատմական մտքին»
«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել պատմական իրողությունները կեղծելով և սեփական պատմությունը վաղնջական ժամանակներից ներկայացնելու մոլուցքով։ Հարևան պետությունների և ժողովուրդների պատմությունը խեղաթյուրելու ճանապարհին Բաքուն կանգ չի առնում ոչնչի առջև։
Վերջերս ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը հրապարակել էր 14-րդ դարի քարտեզ, որի վրա նշմարվում է Ադրբեջան անունը: Ըստ նրա՝ ներկայացված քարտեզը պատրաստել է Մուհամմադ ալ Իդրիսին (12-րդ դար)՝ Սիցիլիայի թագավոր Ռոջեր Երկրորդի համար:
«Այս քարտեզը 1619 թվականին թարգմանվել է լատիներեն, 1928 թվականին Քոնրադ Միլլերը քարտեզը թարգմանել է անգլերեն, և մինչ օրս այն պահպանվում է Կոնգրեսի գրադարանում: Քարտեզի բնօրինակը 1325 թվականից պահպանվում է Ֆրանսիայում։ Ներկայումս այն գտնվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում: Քարտեզում հստակ պատկերված են Հարավային և Հյուսիսային Ադրբեջանի տարածքները: Այս քարտեզը հերթական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են, թե «Ստալինն է հորինել Ադրբեջան անունը»,- նշում է պատմաբանը։
Վերոնշյալ քարտեզն սկսեց տարածվել ադրբեջանական յութուբյան և տելեգրամյան ալիքներում, ինչն էլ ավելի համոզիչ դարձրեց սեփական երկրի պատմության մասին իրենց հասարակության թերի պատկերացումները: