Նոյեմբերի 6-ին կայանալու է հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերա Քոթբուսի կինոփառատոնում
Նոյեմբերի 5-ից 10-ը, Գերմանիայի Դաշնության Քոթբուս քաղաքում անցկացվելու է Արևելյան Եվրոպայում կինոյի առաջատար միջազգային փառատոներից մեկը՝ Քոթբուսի կինոփառատոնը (The FilmFestival Cottbus)։
Փառատոնի՝ «Հայաստանը խոշոր պլանով» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից համատեղ արտադրած, հայկական «ԲԵՔՍԹԵՅՋ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի (ռեժ․ Հովհաննես Գալստյան) համաշխարհային պրեմիերան։ Ցուցադրությանը կհաջորդի ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի, պրոդյուսերներ Անի Գալստյանի, Լաուրա Քլևերի և Ադոլֆ Էլ Ասսալի ասուլիսը՝ հարց ու պատասխան ձևաչափով։
«Բեքսթեյջ» և «Վերա» ֆիլմերի իրավատեր «Էնսո» Ֆիլմզ կինոընկերության հիմնադիր, պրոդյուսեր Անի Գալստյանը «Հրավիրված հյուրի» կարգավիճակով կմասնակցի նաև «Connecting Cottbus» կինոշուկայում՝ ներկայացնելով ընկերության ֆիլմերը։
1991թ-ին հիմնադրված այս փառատոնը կենտրոնացած է նախկին սոցիալիստական երկրների իրավահաջորդ անկախ պետությունների, ինչպես նաև նրանց հետ տնտեսապես ու մշակութային սերտ համագործակցության մեջ գտնվող անմիջական հարևան երկրների՝ Ֆինլանդիայի, Հունաստանի և Թուրքիայի ֆիլմերի ներկայացման վրա:
Քոթբուսը նաև Համատեղ Արտադրության շուկա է՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային երկրների կինեմատոգրաֆիստների հանդիպման վայր։ Ամեն տարի հատուկ ընտրված տարածաշրջանը ներկայացնող որևէ երկրի թեմատիկ ծրագիրը հանդիսատեսին եզակի հնարավորություն է տալիս տեսնելու Արևելյան Եվրոպայի լավագույն ֆիլմերը, որոնք նշում են իրենց համաշխարհային, միջազգային կամ գերմանական պրեմիերաները Քոթբուսում: Այս տարի Քոթբուսի ուշադրության կենտրոնում է հայկական կինոն։
Չնայած Քոթբուսի կինոփառատոնը և կինոշուկան ներառված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների» ցանկում, որոնց մասնակիցները, ըստ նախարարության կողմից ընդունված կարգի, արժանի են խրախուսանքի, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար չի գտել հոգալ հայկական պատվիրակության ծախսերի անգամ չնչին մասը։ Այցը կայանալու է փառատոնի կազմակերպիչների, ֆիլմը արտադրողների և «Գյոթեի Ինստիտուտի» աջակցության շնորհիվ։
ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ․
Երևանի Բալետի Պետական Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գաբրիելը, Կաֆկայի «Մետամորֆոզի» վրա հիմնված՝ միջազգային կարևորության իր բալետի պրեմիերայից չորս ամիս առաջ, խմբից հեռացնում է Նորային՝ պրիմա պարուհուն։ Մինչ Գաբրիելը ու նրա նոր պրիման՝ Ժանետը մտերմանում են, Նորան դավադրությունների շարք է հյուսում Գաբրիելի ճանապարհին, և շուտով ի հայտ են գալիս հափշտակության մեղադրանքներ նրա դեմ։ Գաբրիելը առերեսվում է մի համակարգի հետ, որը նրան մեղավոր է համարում՝ առանց որևէ ստույգ ապացույցի։ Իր տեսլականի իրականացման համար Գաբրիելը հայտնվում է ամեն ինչը կորցնելու վտանգի առաջ։ Ժանետը, իր հերթին, վտանգում է առողջությունն ու ապագան՝ հանուն բալետի։ Պրեմիերայի մոտենալուն համընթաց կոնֆլիկտը սրվում է, բարդ խորեոգրաֆիան՝ կինոխցիկի շրջանաձև նկարահանումներով, հասցվում է գլխապտույտ առաջացնող բարձրակետի։
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Բեքսթեյջը» Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որը ներգրավված է եղել քրեական դատավարության մեջ։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է 6 տարով (2018-2024թթ.)։ 2018 թվականին ֆիլմի դեմ քրեական գործ է հարուցվել Ազգային կինոկենտրոնի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հայտարարության հիման վրա։ 2020թ․-ին գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Սակայն Ազգային կինոկենտրոնի պաշտոնյաները դատական գործ են հարուցել քննչական մարմինների դեմ՝ նրանց մեղադրելով անփութության և հանցագործությունը քողարկելու մեջ։ Նոր դատավարությունը տևել է 4 տարի (2020-2024թթ.): 2024 թվականին քրեական դատարանն ամբողջությամբ արդարացրել է քննիչներին և վերահաստատել, որ ֆիլմի ռեժիսորի գործողություններում բացակայում է անգամ հանցանքի նվազագույն կասկածի շեմը։ 2024թ․-ին դադարեցվել է այս արկածախանդրությունը հեղինակած կառույցի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը։
ՌԵԺԻՍՈՐԻ ԿՈՂՄԻՑ՝
«Ըստ էության, «Բեքսթեյջը» պատմություն է շղթաների մասին, որ տոտալիտար հասարակություններում իշխանությունները հմտորեն կիրառում են արվեստագետների դեմ՝ վերահսկելու համար նրանց անհատականությունն ու գործունեությունը»:
ԲԵՔՍԹԵՅՋ | ԵՏՆԱԲԵՄ |
99 րոպե, 2024, դրամա, art, ռեժ. Հովհաննես Գալստյան.
Դերերում՝ Խորեն Լևոնյան, Լիլիթ Հակոբյան, Վիվյեն Բաստաջյան
Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ
Ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինոէկրաններին 2025թ-ի հունվարին։
Փառատոնի հղումը՝ https://www.filmfestivalcottbus.de/…/movie/2530.html
«Բեթսթեյջ» ֆիլմի թրեյլերի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=FZOtPjEzS_8
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա»



