Զուրաբիշվիլին կանխատեսել է, որ ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթելու դեպքում, իրեն կարող են իմպիչմենտի ենթարկել և ձերբակալել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի դեպքում, իրեն կարող են իմպիչմենտ հայտարարել և բանտ նստեցնել: Նրա խոսքերը մեջբերում է Mtavari հեռուստաալիքը:
«Միգուցե, ինձ իմպիչմենտի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», – ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեղի կունենա ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակից հետո:
Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում Վրաստանի նախագահն աջակցում է ընդդիմությանը:
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմպիչմենտի գործընթացը. պատճառը նրա արտասահմանյան այցերն են, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ: Սահմանադրության խախտումը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ։
Նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայնը, սակայն իշխող կուսակցությունն ունի 84 ձայն։

