Ալեն Սիմոնյանը չի՞ ուզում թքել Հունգարիայի ղեկավարի երեսին, կամ՝ Ազգային արժանապատվության մասին նախկինների ու ներկաների պատկերացումները
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ 2018 թվականին ՀՀ իշխանությունը զավթած Փաշինյանը հստակ առաքելություն էր ստանձնել՝ անվերապահ իրականացնելու ադրբեջանական երազանքները՝ Հայաստանի համար մեծագույն ու ողբերգական կորուստների հաշվին՝ տարածքային, մարդկային, արժեհամակարգային․․․ Եվ այդ ողջ գործընթաց-օպերացիայի անունը դնելու է խաղաղության օրակարգ՝ Տանք, կորցնենք, զիջենք, նվիրենք, որ խաղաղ ապրենք նշանաբանով։ Կորուստներից մեկն էլ ազգային արժանապատվությունն է, ժողովրդական լեզվով՝ թասիբը, մինչդեռ իշխանազավթման օրերին իր ելույթներում Փաշինյանը փողոց նետված ցուցարարներին ոգևորում էր «հպարտ քաղաքացիներ» որակումը տալով։ Այդ հպարտությունից այսօր հային, հայ քաղաքացուն իր երկրի, իր պետության համար ամոթն է մնացել, խայտառակությունը և գիտակցումը, որ այո, եղել են ժամանակներ, երբ իրենք իրոք իրենց պետության համար կարող էին չշառագունել, գլուխները բարձր պահել ու աշխարհում հայ ազգությունը, հայի անունը պատվով կրել։
Մի դեպք եմ ուզում միայն հիշեցնել, երբ ՀՀ իշխանությունն իրոք արժանապատիվ դիվանագիական պատասխան տվեց մի պետության, որը համագործակցելով թշնամական Ադրբեջանի հետ՝ ակնհայտորեն հայասպանության համար կանաչ լույս էր վառել։ Բոլորիս հիշողություններում դեռ վառ է, թե ինչպես 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը ազգային ատելության հողի վրա դաժանաբար կացնահարելով՝ սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին թուրքական ձեռագրով, երբ սպան քնած էր։ Հունգարիայի դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց, որը պետք է կրեր այն երկրում, որտեղ իրականացրել էր ոճիրը։ Բայց 2012 թվականին Հունգարիայի կառավարությունը տուրք տալով Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»՝ որոշում կայացրեց մարդասպանին Բաքվի պահանջով արտահանձնել Ադրբեջանին՝ լավ իմանալով, որ այնտեղ նրան դափնիներով են պատելու։ Եվ այդպես էլ եղավ․ Ալիևը Սաֆարովին ոչ միայն ներում, այլև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհեց, բնակարան նվիրեց ու ահռելի մեծ գումարներ՝ ադրբեջանցիների մոտ հերթական անգամ խրախուսելով հայասպան քաղաքականությունը։ Եվ դա կատարվեց իրեն քրիստոնեական պետություն համարող Հունգարիայի թողտվությամբ ու անմիջական մեղսակցությամբ։ Դա Ադրբեջանի հետ Հունգարիայի հարաբերություններն առավել սերտացնելու հուդայական գինն էր։ Իսկ հարաբերություններն հետագայում այնքան սերտացան, որ այսօր էլ Հունգարիան համաշխարհային քաղաքական հարթակում որպես ադրբեջանական շահերի պաշտպան է ներկայանում։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։
Հունգարիայի իշխանական վերնախավի այդ դավադիր քայլից հետո 2012 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ խորհրդակցություն հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ և հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու պաշտոնական բոլոր կապերը։ Արտակարգ խորհրդակցության ժամանակ Սարգսյանը նշեց, որ դա տեղի է ունեցել, քանի որ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ․ «Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:
Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:
Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը»։
ՀՀ պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանը կասեցնում էր դիվանագիտական հարաբերությունները, և մինչև Նիկոլի և իր խմբակի իշխանության գալը 9 տարի Հայաստանը Հունգարիայի հետ որևէ հարաբերություն չուներ։ Նշենք, որ Հայաստանի դիրքորոշումից հետո Հունգարիան այդպես էլ չշտապեց ներողությոն խնդրել Հայաստանից կամ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Հունգարիան այսօր էլ ներողություն չի խնդրել Հայաստանից, բայց դա չխանգարեց օրվա անարժանապատիվ, մինչև վերջ ստորացված, թշնամու առաջ աներկբա կքած իշխանություններին «ներել» Հունգարիային և ինչպես Ադրբեջանի դեպքում՝ հարաբերություններ մուրալ նրանցից։ Թեև զարմանալու ինչ կա․ մի խմբակ, որը ռազմագերիների անվան տակ Ադրբեջանին է հանձնում Հայաստանում ցմահ դատապարտված ադրբեջանցի մարդասպաններին, ի՞նչ իրավունքով պետք է դատապարտի նման քայլի գնացած Հունգարիային։ Այն դեպքում, երբ Հունգարիան գոնե իր քաղաքացիներին սպանած հանցագործներին հոժարակամ ու պատվով չի ուղարկել հայրենիք, ինչպես դա արեց Նիկոլը։
Հունգարիայի հետ սառեցված հարաբերությունները Հայաստանի իշխանությունները սկսեցին ջերմացնել 2021-ին, երբ դեռ դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ Բաքվից վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ մեկնել էին Բաքու և 5 գերիների հետ եկել Երևան։ Հայաստանի իշխանությունների պատասխան ռևերանսը չուշացավ։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։ Նա շատ մեղմորեն անդրադարձավ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնմանը՝ ասելով, թե Հունգարիան չպետք է նման քայլի գնար, բայց հորդորեց, որ պետք է դեպի ապագան քայլեր անել։
Մինչև այդ՝ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, և Միրզոյանի վստահ հայտարարությունը այդ հանդիպման քննարկումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների վրա էր հիմնված։ Թեև ինչպես ցույց է տալիս ժամանակը, այդ հարցում ևս Հունգարիան կրկնօրինակում է Ադրբեջանին։ Այդ հանդիպմանը կողմերն ընդգծել էին Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը, պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Արտգործնախարարների մակարդակով մեկ այլ հանդիպում էլ եղել էր 2023 թվականի մայիսի 6-ին Բուդապեշտում, որի ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր․ «Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսություններ։ Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք երկու երկրներում»։
Հայաստանը ինչ-որ առումով կատարեց պայմանավորվածության իր ստանձնած պարտավորությունը։ Նույն տարվա մայիսի 19-ին տեղեկություն հայտնվեց, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ Իսկ Հունգարիայի դեսպանատուն այսօրվա դրություն Հայաստանի որևէ քաղաքում չկա։ Ծանո՞թ սցենար է․ երբ Հայաստանը ոտքը երկու կոշիկի մեջ դրած շտապում է խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Ադրբեջանը դեռ իր ախորժակն է գրգռում։ Ավելին, այս տարի Հունգարիան հերթական անգամ ցույց տվեց, որ ամենևին էլ պատրաստ չէ Հայաստանի հետ բարեկամական կապեր վերահաստատելուն, քանի դեռ իր համար առաջնային է պրոադրբեջանական ու պրոթուրքական դիրքորոշումը քաղաքականության մեջ։ 2024 թվականի ապրիլի 30-ին Հունգարիան արգելափակեց Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի վերաբերյալ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Դեռ ապրիլի կեսին Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:
Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի: Ըստ դիվանագիտական փաստաթղթերի՝ այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Այդ աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ։ Բուդապեշտը պահանջում էր, որ Ադրբեջանն էլ օգնություն ստանա ականազերծման համար: Այնինչ Բաքուն այդ հարցով Եվրամիությանը չի էլ դիմել, հետևաբար Եվրամիությունը ցանկության դեպքում անգամ չի կարող ընդառաջել:
Սա Հունգարիայի վերջին դավադրությունն է։ Դրանից առաջ էլ՝ 2023 թվականի սեպտեմբերին Հունգարիան արգելափակեց ԵՄ անդամ երկրների հայտարարությունը, որը դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Արարատ Միրզոյանի արժանապատվությունը, տեսնես դրանից հետո, իջա՞վ, թե ավելի բարձրացավ՝ բարեկամ Հունգարիայի համար, ապագան, որի մասին նա հայտարարում էր ԱԺ ամիբիոնից, ավելի տեսանելի դարձա՞վ։ Թե՞ Միրզոյանը ամենևին տեղյակ չէ, որ անգամ Արցախյան պատերազմի ժամանակ Հունգարիան հստակ պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո երկրի վարչապետի մակարդակով մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, Հունգարիայի ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ընդգծված պրոադրբեջանական ելույթ է ունեցել, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։ Ալեն Սիմոնյանն այսքանից հետո չի՞ ուզում թքել Հունգարիայի ղեկավարի երեսին։
Թագուհի Ասլանյան