Բայդենը և Նեթանյահուն քննարկել են, թե ինչպես օգտագործել պահը պատերազմը դադարեցնելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին սպանելու կապակցությամբ։ Երկու ղեկավարները նաև քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Նախագահ Բայդենը և վարչապետ Նեթանյահուն նաև քննարկել են, թե ինչպես օգտագործել այս պահը պատանդներին տուն բերելու և պատերազմը դադարեցնելու համար՝ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և այնպես անելով, որ ՀԱՄԱՍ-ն այլևս երբեք հնարավորություն չունենա վերահսկելու Գազայի հատվածը», – ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել առաջիկա օրերին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ազգային անվտանգության իրենց թիմերի միջոցով:
Իր հերթին Axios լրատվական հարթակը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։

