Սոթքի ոսկու հանքի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. Գեղարքունիքի մարզպետ
«Սոթք հանքը շահագործող կազմակերպության հետ մարզպետարանը մի քանի անգամ հանդիպել է, դրանց արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի։ Այս պահին այնտեղ աշխատատեղեր են ավելացնում»,- այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։
Հանքշահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարել էր Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։
Ինչի պատճառով հարյուրավոր աշխատակիցներ կրճատվել էին։

