«Արցախի օրեր» միջոցառումների շարքը կմեկնարկի hոկտեմբերի 18-ին
Հոկտեմբերի 18-ից 20-ը կանցկացվի «Արցախի օրեր» միջոցառումների շարքը, որի ժամանակ կներկայացվեն ավանդական խաղեր, երգ ու պար, վարպետության դասեր, ցուցահանդես ու տոնավաճառ…
Միջոցառման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի կինոյի տանը: Բացման համերգին ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը, ցուցահանդեսին կներկայացվեն «Դիզակի գույները» և արցախցի նկարիչների կտավները։
Հաջորդ օրը՝ ժամը 15:00-ից Մասիսի կենտրոնական այգում ելույթ կունենա «Դիզակ ԱՐՏ» երգի-պարի համույթը, տեղի կունենան արցախյան ավանդական ուտեստների համտես, ձեռագործ իրերի ցուցադրություն և վաճառք։
Իսկ հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ին Մեղրաձորի Կճուճներ կոչվող տարածքում տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթ` «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։
Միջոցառումների նպատակը Արցախի հարուստ մշակութային ժառանգության ներկայացմանն ու պահպանմանը նպաստելն է, ինչպես նաև հարթակ ապահովել արցախցի ձեռներեցների զարգացման համար:

