Սեպտեմբերի 27-ը չի նշվի որպես զոհվածների հիշատակի օր․ կառավարությունը մերժեց Գ․ Նազարյանի առաջարկը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Գեղամ Նազարյանն առաջարկում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումը կատարել՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 13.3. բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»: Կառավարությունը մերժեց այս առաջարկը՝ տալով հետևյալ հիմնավորումը․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»։

