ԵՄ հարավային ինը երկրների ղեկավարներ խոստացել են օգնել Լիբանանի ԶՈՒ-ին՝ վերականգնելու երկրի հարավի վերահսկողությունը

Եվրամիության ինը հարավային երկրների ղեկավարները խոստացել են աջակցություն ցուցաբերել Լիբանանի զինված ուժերին՝ վերականգնելու երկրի հարավի վերահսկողությունը, այն հույսով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, տեղեկացրել է Euronews-ը։

MED9 խմբի՝ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մալթայի, Կիպրոսի, Սլովենիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք «կշարունակեն աջակցել Լիբանանին և նրա ժողովրդին, այդ թվում լիբանանյան զինված ուժերին, որոնք կոչված են կարևորագույն կայունացնող դեր խաղալու»։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը լուրջ տագնապ է առաջացնում։ Մենք մեր խիստ անհանգստությունն ենք հայտնում Իրսայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական առճակատման թեժացման  առիթով»,- նշված է ԵՄ ինը երկրների ղեկավարների հայտարարությունում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսում ասել է, որ Լիբանանի ԶՈՒ վերադարձը երկրի հարավ և ինքնիշխանության վերականգնումը «անհրաժեշտ են երկրում խաղաղության և կայունության համար»։

«Մենք հաստատել ենք հրադադարի անհրաժեշտությունը, և այդ հրադադարն անհրաժեշտ է ինչպես Գազային, այնպես էլ Լիբանանին։ Դա մեզ պետք է այժմ, հանուն մեր պատանդների, հանուն քաղաքացիական բնակչության, որը դարձել է բռնության զոհ, և որպեսզի խուսափենք տարածաշրջանի բռնկումից, որը սպառնում է կայունությանը ողջ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահը չի նշել, սակայն, թե ինչպիսին է լինելու այդ աջակցությունը։

Նա միայն նշել է, որ հոկտեմբերի 24-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսը ուղղված է լինելու Լիբանան հումանիտար օգնության մատակարարումների ավելացմանը, ինչպես նաև զինված ուժերի և երկրի ներքին անվտանգության ուժերի ամրապնդմանը։ Կոնֆերանսի նախաշեմին Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտնել են, որ «Մեծ յոթնյակի» երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նույնպես կքննարկվեն լիբանանյան բանակին օգնության ցուցաբերման միջոցները՝ հարավ շարժվելու համար։