Երեխանե՛ր, կարևորե՛ք ձեր տեսողությունը. Տեսողության համաշխարհային օրն է

Այսօր տեսողության համաշխարհային օրն է:  Այս տարվա կարգախոսն է՝ «Երեխանե՛ր, կարևորե՛ք ձեր տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ  2004թ-ից ի վեր Հայաստանում իրականացրել են շուրջ 250.000 երեխաների ակնային զննում: Արդեն մի քանի տարի ՀԱՆ-ը իր գործընկերների հետ աշխատում է դպրոցականների ակնային սկրինինգն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու ուղղությամբ։

2024թ. սկզբից ՀՀ երեք մարզերում (Արագածոտն, Կոտայք և Արմավիր) արդեն ակնային զննում են անցել ավելի քան 7.700 դպրոցականներ, որոնցից շուրջ 2.000-ի մոտ ակնային շեղման կասկած կա, նրանք ուղեգրվել են խորացված հետազոտության: Ծրագիրը շարունակվում է, ՀՀ ողջ տարածքում նախատեսվում է 30.000 երեխաների ակնային զննում, խնդիր ունեցողներին՝ ուղեգրում և բուժում, ծնողների, երեխաների և դպրոցական անձնակազմի հանրային կրթության միջոցառումներ:

Դպրոցականների ակնային զննման և ուղեգրման մեթոդաբանությունն ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և ընդգրկվել դպրոցական տարեկան սքրինինգային ծրագրերի մեջ:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, և վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411մլդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում:

ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%:

Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով: