«Վրացական երազանք» կուսակցությունը կվերսկսի նախագահի իմպիչմետի ընթացակարգը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին իմպիչմետի գործընթաց կսկսի հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է վերսկսել իմպիչմենտի ընթացակարգը»,-ասել է Պապուաշվիլին՝ հավելելով, որ պատգամավորները մինչև խորհրդարանական ընտրությունները կդիմեն սահմանադրական դատարան։

Նրա խոսքով, իշխող կուսակցությունն այս որոշումը կայացրել է Զուրաբիշվիլու արտասահմանյան այցերի պատճառով, որոնք շարունակում է անել առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Պապուաշվիլին բացատրել է, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, կարևոր է, որ «Զուրաբիշվիլին դառնա ոչ թե նախկին նախագահ, այլ իմպիչմենտի միջոցով հեռացված նախագահ»։

Պապուաշվիլին վստահ է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» կշահի սահմանադրական մեծամասնությունը, իսկ նախագահի իմփիչմենթի ընթացակարգը կավարտվի նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում։