Իսրայելը «սահմանափակ» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

Իսրայելն այս գիշեր «սահմանափակ, տեղայնացված» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, որի նպատակն է Իսրայելի հյուսիսային սահմանների բնակիչների անվտանգության ապահովումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության վրա: Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար», – նշված է X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ։

Ըստ ԻՊԲ-ի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ «ճշգրիտ հարվածներ հասցնելով տվյալ շրջանում գտնվող ռազմական թիրախներին»։