Անդարդ Նազարն ու Ուստիանը»․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․  «Փորձենք ՄԱԿ-ի գագաթնաժողովի մյուս մասնակիցների աչքերով նայել Հայաստանի ներկայացուցիչներին և հասկանալ, թե նրանք ինչ տպավորություն կազմեցին մեր երկրի մասին, եթե ամենօրյա ռեժիմով չեն հետևում մեր տարածաշրջանի իրադարձություններին: Ահա, ՀՀ վարչապետն ու իր կինն անհոգ դեմքով շրջում են Նյու Յորքում, տարբեր միջոցառումների են մասնակցում, հանդիպումներ ունենում կարևոր ու անկարևոր, Հայաստանի հետ առնչություն ունեցող և չունեցող պաշտոնյաների հետ: Եվ անգամ հեծանիվ են վարում Նյու Յորքում, ինչպես աշխարհի ամենաանդարդ երկրի ներկայացուցիչներ, որոնց միակ խնդիրն առողջ ապրելակերպն է: Հետո Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի տուն, Թուրքիայի նախագահի ձեռքից նվեր է ընդունում նրա գիրքը և անչափ երջանիկ ժպիտով նկարվում նրա կողքին: Նրա կինն էլ Էրդողանի կնոջ հետ է ջերմ շփվում և ժպիտը դեմքին` լուսանկարվում:

Ապա Հայաստանի վարչապետն իմացաբանական ճառ է ասում ապագայի, լավատեսության, նաև` «լավ ասենք, որ լավ լինի» թեմաներով և խոսում է խաղաղությունից, պայմանագրեր կնքելուց, խաղաղության խաչմերուկ և Միջին միջանցք բացելու հեռանկարից: Ասում է, որ իր նախորդ ելույթների ուղերձը փակուղին էր, իսկ հիմա ինքն ավելի քան լավատես է, որովհետև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»: Եվ ուշիմ աշակերտի նման թվարկում է, թե ինչեր է արել և դեռ ինչերի է պատրաստ՝ այդ թուղթը ստորագրելու համար, ու անգամ ներկուլիսային մի սցենար է բացահայտում` այ, եթե պայմանագիրը ՀՀ ՍԴ-ում քննարկվի և ճանաչվի Սահմանադրությանը հակասող, այդ ժամանակ մեր Սահմանադրությունը կփոխենք: Խղճուկ պահվածք, որին հետևող յուրաքանչյուր հայ ամոթից ուղղակի գետինն է մտնում:»։