ԵՄ-ին անդամակցությունը ֆեյք օրակարգ է
Արդյո՞ք Հայաստանին հիմա պետք է ԵՄ-ին անդամակցությունը, ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին պրոարևմտյան որոշ ուժերի այս պահանջին միս ու արյուն տալուց, ի՞նչ է իրականում ուզում Արևմուտքը։ Այս և այլ հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամագրվելու պահանջով ստորագրահավաքն ու դրա շուրջ ծավալվող զարգացումները ոչ այլ ինչ են, քան ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ քաղաքական որոշ ուժերի կողմից:
«Նույնիսկ ՀՀ գործող իշխանությունը հասկացավ, որ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին, ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն ժամանակավրեպ է, և հասկացել են կամ ԵՄ-ից են հասկացրել, որ այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ինչն ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Սկսած նրանից, որ մենք ԵՄ հետ կապված ունենք լուրջ լոգիստիկ խնդիրներ, վերջացրած նրանով, որ ունենք հակամարտություն, իսկ նման երկրները չեն կարող ԵՄ-ին անդամակցել։ Նման շատ երկրների օրինակներ կան, որոնք տարիներով սպասում են ԵՄ-ի բարյացակամությանը: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկիրը՝ Վրաստանը, ինչպիսի ուղի է ընտրել՝ ազգային շահերը պաշտպանելու, և չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և ոչ էլ դարձավ հակառուսական ճակատ, ինչը Արևմուտքը նրանից ակնկալում էր: Եվ հիմա այստեղ պրոարևմտամետ քաղաքական ուժերն ուզում են, որ Հայաստանը դառնա երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ և կոչ են անում, որ ՀՀ-ն իր ավանդական բոլոր դաշնակիցների հետ կապերը խզի, գնս մշուշոտ ճանապարհով, որտեղ, կրկնում եմ, մեզ ոչ ոք չի սպասում»,- նշեց Ղուկասյանը` հավելելով, որ ՀՀ-ին պարզապես ցանկանում են օգտագործել:
Ղուկասյանը հիշեցրեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք եվրոասոցացման պայմանագիր են ստորագրել ԵՄ հետ, դրանց տնտեսությունները անկում են ապրել։ Օրինակ՝ Մոլդովան: Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի տնտեսությունն ունի շեշտակի աճ. միայն առևտրաշրջանառությունը ՌԴ հետ տարեվերջին կկազմի 14-16 մլրդ դոլար: Եվ այս ցուցանիշների ֆոնին պրոարևմտյան ուժերի նկրտումները՝ գնալ դեպի ԵՄ, իսկապես ծիծաղելի և անհեթեթ են. «Դա հատկապես ցայտուն ընդգծվում է ԵՄ հետ առևտրաշրջանառության անկման ֆոնին․ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ հետ այդ ցուցանիշը 23,7% անկում է արձանագրել: Ակնհայտ է, որ ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ավելի ամուր են ու առաջանցիկ, քան հարաբերությունները ԵՄ հետ և ցանկացած փորձ ՌԴ-ից թեքվել դեպի արևմտյան կուրս, անմիտ են, զուրկ պետության իրական զարգացման հեռանկարից»,- շեշտեց նա:
Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն իսկապես կորցնելու բան ունի՝ ոչինչ չստանալու ռիսկի դիմաց, քանի որ ԵՄ-ում մեզ չեն սպասում և դա պարզապես ֆեյք օրակարգ է:
«Այդ ճանապարհին էլ, երբ մենք ընդամենը տնային աշխատանք պիտի անենք, ՀՀ-ն դրանից միայն տուժելու է, միայն տնտեսական անկումներ ենք ունենալու»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ առաջիկայում կարևոր իրադարձություններ են սպասվում, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները շատ ու շատ բան կորոշեն տարածաշրջանում։
Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Վրաստանը գնում է ԵՄ, և մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք նույն ուղով, այսօր իրողություն է փոխվում, ԵՄ-ում Վրաստանին չեն սպասում, ավելին՝ ուզում են փոխել իշխանությունը, որ նա կատարի արտաքին ուժերի ցանկությունները: Հետևապես Վրաստանում ընտրությունները շատ կարևոր են, որոշիչ դեր են խաղալու տարածաշրջանի և Հայաստանի համար: Եթե Վրաստանում արևմտյան ուժերը չհաջողեն, ավելացնելու են ճնշում է ՀՀ-ի վրա․ «Որքան սրվում են միջազգային հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ միջև, դա արտացոլվում է մեր տարածաշրջանում և բնական է, որ մոտ ապագայում ՀՀ իշխանություններից սպասելու են հստակ քայլերի»,- ընդգծեց Արման Ղուկասյանը:
Ըստ բանախոսի՝ առաջիկա իրադարձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում պարտադրում են ՀՀ իշխանություններին լինել ավելի խոհեմ, պետականամետ, ռիսկերը ճիշտ կառավարող, որպեսզի մեր երկիրը հնարավորինս նվազագույն կորուստներ ունենա, որովհետև իսկապես տուրբուլենտ շրջան է սպասվում:

