Բրազիլիայի նախագահը նոր հայտարարություն է արել ուկրաինական հակամարտության վերաբերյալ

Ռուս-ուկրաինական հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը վճռորոշ նշանակություն ունի Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։

«Արդեն պարզ է, որ կողմերից ոչ մեկը չի կարողանա հասնել իր բոլոր նպատակներին ռազմական ճանապարհով: Գնալով ավելի կործանարար զենքի օգտագործումը հիշեցնում է սառը պատերազմի ապարդյուն դիմակայության ամենամութ ժամանակները: Հակամարտող կողմերի համար բանակցային պայմանների ստեղծումը և ուղիղ երկխոսության վերսկսումն այս պահին վճռորոշ են»,- ասել է Բրազիլիայի ղեկավարը։

Նա նշել է, որ այդ կոչն ընդգրկված է Չինաստանի և Բրազիլիայի առաջարկած համաձայնագրերի նախագծերում՝ երկխոսության գործընթաց հաստատելու և ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։