«Տելեգրամն» այժմ օգտատերերի որոշ տվյալներ կտրամադրի իրավապահներին

Telegram-ն օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կփոխանցի իշխանություններին, եթե նրանք խուզարկության թույլատրություն կամ այլ վավեր իրավական փաստաթղթեր ունեն, հայտնում է BBC-ն։

Ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է հուսահատեցնի հանցագործներին»,- երկուշաբթի օրը Telegram-ում գրել է գործադիր տնօրեն Պավել Դուրովը:

«Թեև Telegram-ի օգտատերերի 99,999%-ը կապ չունի հանցագործության հետ, 0,001%-ը ներգրավված է ապօրինի գործողությունների մեջ, վատ պատկեր է ստեղծում ամբողջ հարթակի համար՝ վտանգի տակ դնելով մեր գրեթե միլիարդ օգտատերերի շահերը», -նշել է նա:

Հիշեցնենք, որ Պավել Դուրովին ձերբակալել էին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում՝ իր ինքնաթիռից դուրս գալիս, նա ժամանել էր Ադրբեջանից։

Փարիզի դատախազությունը հայտարարել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Telegram-ի միջոցով հանցավոր բովանդակությամբ նյութերի տարածմանը չհակազդելու համար։ Դատախազության տվյալներով՝ նա կասկածվում է 12 հանցագործության հարցով՝ բոլորն էլ կապված են Telegram-ի օգտագործման հետ։ Մասնավորապես, նշվել էր դրա միջոցով իրականացվող անօրինական գործարքների և խարդախների կողմից որպես հարթակ օգտագործելու մասին։

Դուրովը, հերքելով մեղադրանքները, իր ձերբակալությունից անմիջապես հետո քննադատել էր իշխանություններին՝ ասելով, որ հարթակում երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների համար իրեն պատասխանատվության ենթարկելը և՛ «զարմանալի» է, և՛ «սխալ»: