Սիսիանում ՔՊ խմբակցությունը բոյկոտում է Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված համայնքի ղեկավարին

Սիսիանում հետաքրքիր իրավիճակ է՝ ՔՊ-ն բոյկոտում է Նիկոլ Փաշինյանի նշանակած անձին, այն է՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

«Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում որեւէ ուժ չի ստացել առավելագույն ձայներ՝ համայնքում իշխանություն ձեւավորելու համար։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին չմասնակցեց համայնքի ղեկավարի ընտրությանը, իսկ հետո հայտարարեց մանդատներից հրաժարվելու մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու հարցում աջակցեց «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից ավագանու մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը։ Նրա քվեն որոշիչ դարձավ Արմեն Հակոբջանյանի ընտրվելու հարցում և դա անսպասելի չէր, որովհետև այս քաղաքական ուժը իշխանամետ է, նրա ղեկավար Արման Բաբաջանյանը իշխանությանը սատարողներից է։ Սակայն Հակոբջանյանն այդպես էլ չստանձնեց համայնքի ղեկավարի ղեկը, քանզի երդման արարողության համար հրավիրված ավագանու նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Այսօր նա համայնքի ղեկավար է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ըստ որի 2022 թվականի դեկտեմբերին նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Հիմա Սիսիանում «ՔՊ» խմբակցությունը պահանջում է Ն.Փաշինյանի նշանակած մարդու հրաժարականն ու բոյկոտում է ավագանու նիստերը։

Ինքը՝ Ա. Հակոբջանյանը, հրաժարվում է հրաժարական տալ, որի արդյունքում սեպտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստին ներկայացել էր միայն համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ «Փաստինֆո»-ին Սիսիանից հայտնում են, որ ՔՊ-ի ու համայնքի ղեկավարի միջեւ տարաձայնության պատճառն այն է, որ վերջինս հրաժարել է կատարել քպական պատգամավորի ասածները։ ՔՊ-ն պաշտոնապես չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, սակայն ոչ պաշտոնական խողովակներով, այսպես կոչված, արտահոսքերի միջոցով տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ Արմեն Հակոբջանյանի, նրա առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանի ու տեղակալ Գարիկ Հակոբյանի առաջիկայում աշխատանքից ազատվելու ու ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ «Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ Ա. Հակոբջանյանից, այն կներկայացնենք հաջորդիվ, եթե, ի վերջո, վերջինս պատասխանի զանգերին»,- հայտնում է «Փաստինֆոն»։