Երկրորդ և երրորդ նախագահների թիմերը ողջունում էին Արցախի հայաթափումը՝ ինչ է թե այստեղ ունենային 100 հազար ցուցարար․ Գևորգ Պապոյան
«Երկրորդ և երրորդ նախագահների թիմերն իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, թե ինչու ամեն ինչ չեք անում, որպեսզի ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի Արցախը։ Բնականաբար, պատճառը մեկն է, որ ունենային 100 հազար, դրանից ավելի կամ քիչ ցուցարար։ Այդ նպատակով, ինչ է՝ իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավելի ցուցարար, որը կարող էր փոքր-ինչ ավելացնել իշխանությունը զավթելու իրենց հնարավորությունը, նրանք ողջունում էին այդ քայլերը և կազմակերպում այն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ փորձելով Արցախի հայաթափման մեղքը վերագրել ընդդիմությանը։
Նրա խոսքով՝ Արցախի լուծարման հրամանը ստորագրել է Արցախի վերջին նախագահը՝ ընտրվելուց 15 օր անց և ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն ու իրենց թիմերը ուրախությունից թռչկոտում էին։
Լրագրողների հարցին, թե ո՞վ ԱԺ-ում հայտարարեց, որ մեղավոր է, որ դեռ 2018-ին չի ասել՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, դուք անկե՞ղծ եք ՀՀ քաղաքացիների հետ, Պապոյանը դարձյալ փորձեց Արցախի հանձնման մեղքը բարդել նախկինների վրա․
«Ես կարող եմ ասել, որ այո, ցավոք սրտի, բանակցությունները նախկին նախագահների կողմից, որոնք իրականացվել են տասնամյակներ շարունակ ընդամենը նրա մասին են եղել, թե երբ ու ոնց են հանձնվելու Լեռնային Ղարաբաղն ու նրան շրջապատող տարածքները»,- ասաց պաշտոնյան:

