Նարեկ Մալյանն ազատ արձակվեց՝ ամբողջությամբ կրելով սահմանված պատիժը
Գրող, քաղաքացիական ակտիվիստ, քաղաքտեխնոլոգ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն այսօր ազատ արձակվեց՝ կրելով դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ:
Դատարանի բակում նրան դիմավորում են հայրը, զավակները, խցակից ընկերը՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ընկերները, քաղաքական-հասարակական գործիչներ։
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։

