Թյուրքական պետություններն ընդհանուր այբուբեն են ստեղծում՝ բաղկացած 34 տառից
Սեպտեմբերի 9-ից 11-ը Միջազգային թյուրքական ակադեմիայի և Թուրքիայի լեզվաբանական ընկերության կողմից Բաքվում կազմակերպվել էր ընդհանուր թյուրքական այբուբենի հանձնաժողովի երրորդ նիստը։ Այս մասին հայտնում է TRT–ն:
Միջոցառմանը մասնակցել են, մասնավորապես, Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Թուրքիայի լեզվաբանական ընկերակցության նախագահ Օսման Մերթը, Ադրբեջանի Աթաթուրքի կենտրոնի տնօրեն Նիզամի Ջաֆարովը, ինչպես նաև թյուրքական պետությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել միասնական այբուբենի գաղափարի զարգացման առաջընթացը և որոշել այդ ուղղությամբ հետագա քայլերը։
Նշվում է, որ կայացած հանդիպմանը քննարկվել է լատինատառ այբուբենի վրա հիմնված ընդհանուր թյուրքական այբուբենի նախագիծը, որն առաջարկվել էր դեռևս 1991 թվականին։
Քննարկումների արդյունքում ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենի վերաբերյալ։
Թուրքական ակադեմիան ընդգծել է այս իրադարձության պատմական նշանակությունը։ «Ընդհանուր թյուրքական այբուբենի զարգացումը նպաստում է թյուրք ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և համագործակցությանը` պահպանելով նրանց լեզվական ժառանգությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Թուրքական ակադեմիայի կենտրոնակայանը, որը համակարգել է այս նախագիծը, գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

