Ուկրաինան Իրանի դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ Մոսկվային հրթիռների ենթադրյալ մատակարարման հարցով
Ուկրաինան հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան դիվանագետին սեպտեմբերի 9-ին կանչել է արտգործնախարարություն և զգուշացրել նրան երկկողմ հարաբերություններում «ավերիչ և անշրջելի հետևանքների մասին», եթե պարզվի, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
CNN-ը և The Wall Street Journal-ն անցյալ շաբաթ, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, թե իբր Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարին, և նրան «կոշտ ձևով» նախազգուշացրել նման տեղեկությունների ճշմարտացիության դեպքում երկու երկրների հարաբերություններում լուրջ հետևանքների մասին։

