Գեղանկարիչ Վարոս Շահմուրադյանը կդառնար 84 տարեկան

«Միայն հիմա է պարզ դառնում՝ որտեղ և ինչու էր նա շտապում։ Նախախնամությունը նրա համար կյանքի կարճ ժամանակահատված էր պատրաստել՝ ողբերգական և միևնույն ժամանակ պայծառ՝ շնորհիվ նրա արժանիքների»։

Այսպես էր վաղաժամ կյանքից հեռացած գեղանկարիչ Վարոս Շահմուրադյանի մասին գրում նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

Այսօր Վարոս Շահմուրադյանը կդառնար 84 տարեկան։ Իր կարճատև՝ ընդամենը 37 տարվա կյանքի ընթացքում տաղանդավոր արվեստագետը հասցրել է ստեղծել բազում երփնագիր նատյուրմորտներ, դիմանկարներ, թեմատիկ հորինվածքներ և գրաֆիկական թերթեր՝ նրբորեն համատեղելով եվրոպական արվեստի ժամանակի առկա տենդենցները հայ արվեստի ավանդական մնայուն արժեքների հետ։

Վարոս Շահմուրադյանի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում նրա 4 աշխատանք. վերևում՝ Իմ նախնիները (1968), Նատյուրմորտ սև ձկներով (1972), ներքևում՝ Հավերժություն (1977), Դերասանուհի (1971): Մեկնաբանություններում նշե՛ք՝ որն է ձեզ ավելի հոգեհարազատ։

Հայաստանի ազգային պատկերասրահ