Փոփոխություններ են կատարվել ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգում:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարության ամենակարևոր ուղղություններից է որակյալ կրթության հասանելիության ապահովումը, որի նպատակով առանցքային է ուսուցչի մասնագիտական զարգացման արդյունավետ համակարգ ունենալը, որն էլ իր հերթին խթանում է ուսուցիչների մասնագիտական որակների շարունակական բարելավումը՝ դրանով իսկ նպաստելով ավելի որակյալ դասավանդմանը:
«Այս ուղղությամբ կարևորագույն բարեփոխում էր ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի լավարկումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել առավել թիրախային և արդյունավետ: Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ. գնահատվել է ավելի քան 6000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Միաժամանակ, գործընթացի մեկնարկը ցույց տվեց, որ վերապատրաստման կարգում հավելյալ հստակեցումների և ճշգրտումների կարիք կա, որն էլ իրականացվում է ներկայացվող նախագծով»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը. ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է՝ 1 տարի, եթե առկա են ավելի տարրական մակարդակի հմտություններ և կարողություններ, և ավելի երկար է՝ մինչև 5 տարի, երբ ուսուցիչն ավելի փորձառու է և ունի բարձր որակի հմտություններ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման և այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները: Այդ ուսուցիչների համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ: «Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի և այնուհետև մասնակցի կամավոր ատեստավորման գործընթացին»,-մանրամասնել է նախարարը:
Նրա խոսքով՝ հստակեցվել է նաև սկսնակ, այսինքն՝ մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվելու: Հստակեցվել են նաև վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից. «Կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ, որը նույնպես ներդրման փուլում է: Հստակեցվել են նաև մի շարք այլ դրույթներ, որոնք ավելի միանշանակ են դարձնում կարգի կիրառությունը»:

