Չինաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա
Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բարձրացվել են չինական և ռուսական դրոշները, ինչպես նաև հնչել են երկու երկրների օրհներգերը:
Նրան դիմավորել են ՌԴ Փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը և այլք:
Նշենք՝ Լի Ցյանը Ռուսաստան է ժամանել իր գործընկեր Միխայիլ Միշուստինի հրավերով։
Պետխորհրդի ղեկավարը բանակցություններ կվարի ՌԴ վարչապետի, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, լի Ցյանի այցը կտևի երկու օր: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը, հատուկ ուշադրություն կդարձնեն առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ օգոստոսին լի Ցյանը կայցելի նաև Բելառուս։

