Տոն Շողակաթի՝ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
17 Օգոստոս, Շբ Տոն Շողակաթի` Սբ Էջմիածնի, ըստ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի։
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:
Համաձայն Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լույսում «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սբ Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ Սբ Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ Սբ Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա հայրապետը մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրված են մինչև օրս, և որոնցով բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են կատարվել պատմության ընթացքում:
Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան և հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:
Սբ Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:
Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե, Սբ Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է:
Աղբյուրը՝ surbzoravor.am

