Բելառուսն ուժեղացրել է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին ուժեղացրել է օրերս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո։ Այս մասին Լուկաշենկոն ասել է ռազմական անվտանգության հարցերի շուրջ օգոստոսի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ, գրում է БелТА-ն:
«Այդ անօդաչու սարքերի հետ կապված իրադարձություններից հետո մենք ուժեղացրել ենք հսկողությունը բելառուսաուկրաինական սահմանին: Ավելին, մենք այնտեղ ենք ուղարկել մեր բանակի զորամասերը», – ԲելՏԱ պետական գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը:
Բելառուսի զինված ուժերի հրամանատար Պավել Մուրավեյկոն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ «Կուրսկի մարզում սադրանքից հետո» զգալիորեն ուժեղացվել են ուժերը հարավային ուղղությամբ։ Սահմանին գտնվող ուժերի ու միջոցների քանակը, նրա խոսքով, առաջվա համեմատ ավելի մեծ է։

