Կյանքից հեռացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը
Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Այս մասին հայտնել է նրա ընկեր, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Գնաց ավագ ընկերս՝ Մուշեղ Սաղաթելյանը, որի ամբողջ կյանքը պայքար էր, հերոսական էջերով գրված արցախյան առաջին պատերազմ, անզիջում դիմադրություն Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատված նվաստացուցիչ ռեժիմին:
Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում՝ իր կերպարի մեջ ամբողջացնելով հոր մաքառումը, նվիրումը Հայրենիքի հանդեպ:
Գնաս խաղաղությամբ Մուշեղ ջան, միշտ հիշելու եմ Քեզ, իմ ու քո բազմաթիվ հանդիպումները»:
Նա 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից էր, որին 2019թ. դատարանը արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Մուշեղ Սաղաթելյանը 2018 թվականից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր:

