«Ապրես, դու լավ էիր խաղում…». այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ծնդյան օրն է. նա կդառնար 94 տարեկան։
Գրականագետ Հովիկ Չարխչյանը նրա կյանքից մի դրվագ է պատմել․
«Ավանդապաշտ ընտանիքի համար դերասան լինելն անլուրջ զբաղմունք էր համարվում: Այդպես էր մտածում նաև Ֆրունզիկ Մկրտչյանի հայրը՝ Մուշեղը, խիստ ու պահանջկոտ մի մարդ, որ այն տարիներին աշխատում էր Լենինականի տեքստիլ կոմբինատում: Բայց որդին շարունակում էր հրապուրվել թատրոնով և շատ շուտով սկսեց հաճախել տեղի մշակույթի տան թատերական խմբակ:
Եվ մի անգամ հայրն, այնուամենայնիվ, որոշեց գնալ դիտելու այն ներկայացումը, որտեղ Ֆրունզիկն էր խաղում…
… Այդ օրը Մուշեղը ուշ տուն եկավ: Երեխաներն արդեն քնել էին: Մթության մեջ նա մոտեցավ Ֆրունզիկի մահճակալին, երկար նայեց նրա դեմքին, ապա ինքն էլ պառկեց որդու ոտքերի մոտ ու քուն մտավ: Առավոտյան նա Ֆրունզիկին ասաց. «Ապրես, դու լավ էիր խաղում…»:
Բայց խաղաղ կյանքը երկար չտևեց: Մի գիշեր Մուշեղին ձերբակալեցին: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ կոմբինատից 5 մետր սպիտակ քաթան էր յուրացրացել: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման և ուղարկեցին հեռավոր Նիժնի Տագիլ, անտառներ հատելու…» ։
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ․ սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ. Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ․ նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):

Լավագույն դերերից են՝ Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):

Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մկրտչյանը 1988-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:

«Հայֆիլմից» բացի նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում, մարմնավորելով կատակերգական կերպարներ՝ «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները, «Կովկասի գերուհին», «Ունայնություն ունայնության» և այլն։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին:
Նա արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

