Ես անպայման կգամ. Պուտինը՝ Էրդողանին
Աստանայում՝ ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Բացելով հանդիպումը Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար զարգանում են, և որ ինքն ու Էրդողանը մշտապես կապի մեջ են՝ կարծիքներ փոխանակելով աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ նախագահները հեռախոսով կապ են պահպանում, երկու երկրների նախարարներն էլ հանդիպում են։
«Ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ ողջունելու իմ երկրում»,- ավելացրել է Էրդողանը:
«Ես անպայման կգամ»,-խոստացել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Էրդողանը նաև ասել է, որ ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 55 միլիարդ դոլարի մակարդակում է, սակայն նպատակը 100 միլիարդի հասնելն է։