Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան, նաև քաղաքացիական անձիք

Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովն իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Մելիքովը հայտնել է, որ  իրավիճակը վերահսկվում է պետական ​​կառույցների և իրավապահների կողմից։ Ըստ նրա,  օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ կիրականացվեն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն ահաբեկչության բոլոր մասնակիցները, որոնք, իհարկե, նախապատրաստվել են, այդ թվում՝ արտերկրից։

Նաև հաղորդվում է, որ Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը։

Մելիքովն ասել է, որ Դաղստանում ոչնչացվել է 6 ահաբեկիչ, փոխանցում է «Իզվեստիան»:

Հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Գրեթե նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ (Ահաբեկչական) հոդվածում, հանրապետությունում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության (ՀՕ) ռեժիմ։