Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը կխթանի «ռևանշիստական ուժերին»

Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը իբր «սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքներին և խաղաղությանը»։

«Միջազգային հարաբերություններում կա հստակ մոտեցում, որը տարբեր սահմանափակումներ է դնում այն պետությունների ռազմականացման և սպառազինությունների կուտակման ծրագրերի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել օկուպացիայի և ագրեսիայի մեջ: Հարկ է նշել, որ Հայաստանն այդպիսի պետություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը։

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի «Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին»։  Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի»,-ասել է նա։