GG-ում խուզարկությունը կանխարգելիչ մեսիջ էր հաջողակ գործարարներին․ փաստաբան

«GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականացվում է քրեական գործի շրջանակներում»,-լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենք մտել են այն պահին, երբ համակարգիչները գետնին դրված էին, որոշում կար մի քանի աշխատակիցների համակարգիչները տանել, նաև նրանց գործունեության հետ կապված խուզարկություն իրականացնել։

«Բայց գրասենյակից առգրավել են բոլոր համակարգիչները, կրիչները։ Սա անհիմն է ու ապօրինի, դա չէր բխում դատարանի որոշումից, ընդամենը մի քանի աշխատակիցների համակարգիչների մասին էր խոսքը։

Տարվել են բոլոր համակագիչները, կրիչները, ինչը, ըստ կազմակերպության ներկայացուցչի, կպարալիզացնի GG կազմակերպության աշխատանքը»,- ասաց փաստաբանը։

Ս. Հարությունյանը վստահ է՝ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է,  քանի որ GG կազմակերպության սեփականատերը հայտնեց իր քաղաքական դիրքորոշումը, որից հետո արշավ սկսվեց կազմակերպության, կազմակերպության սեփականտիրոջ նկատմամբ, գործին կցվեց իրավական համակարգը։

«Կարծում եմ՝ այսպես իշխանությունը երկու քայլ է անում՝ վրեժխնդիր է լինում այն անձանց նկատմամբ, ովքեր կանգնել են Սրբազանի կողքին, կանխարգելիչ մեսիջ են ուղարկում մյուս հաջողակ գործարարներին, որ  չհամարձակվեք հանկարծ կանգնել այս շարժման կողքին, տեսեք՝ ինչպիսի հետևանքներ կունենա»,- ասաց Ս. Հարությունյանը։