Առողջապահության նախարարին ներկայացվել է աղետի գոտում բուժսպասարկման ներկայիս պատկերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը:

Նշված մարզերում հեղեղի հետևանքով`

բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան.

դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ.

պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել.

բնակչությունն իրազեկված է վարակների կանխարգելման վերաբերյալ, այս պահին շեղումներ չկան:

Պատասխանատուները ներկայացրել են նաև իմունականխարգելման աշխատանքները, կարմրուկի տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները և պատվաստումային ցուցանիշները:

Ներկայացվել են նաև մարզային բժշկական կենտրոնների խնդիրները, առաջարկները, քննարկվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ: