Ինչը վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, պետք է հարկվի․ Բադասյանը՝ Եկեղեցու հարկման մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եկեղեցին հարկելու խնդրին։ Հարցին, թե Եկեղեցին այսօր ի՞նչ մասով է հարկվում, Բադասյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ որոշ աշխատակիցներ ունեն, որոնք զբաղվում են միգուցե տնտեսական ապահովմամբ, իրենց աշխատավարձ, եկամտային հարկ։ Հարկային օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի արտոնություններ են սահմանված։ Այսինքն՝ տարբեր արտոնություններ կան»։
Հարցին, թե ինքը Եկեղեցին հարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, դա չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, կարծում եմ՝ այդտեղ ավելորդ չէ մտածել։ Եթե հանգանակություն է կատարվում, այդտեղ խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում վաճառքի մեջ։ Եթե վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»։

