Եկեք անառակ որդի չլինենք և անիմաստ ու անտեղի չխոցենք մեր եկեղեցին, որ մեր տունն է. Աննա Մայիլյան

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը գրում է.

«Սիրելի ծանոթներ և անծանոթներ։ Շատ հեշտ է դատելը ոչինչ չանելով եկեղեցու համար, չլինելով այդ մեծ ընտանիքի մաս, չցանկանալով գոնե մի փոքր մոտենալ այդ հրաշալի և բարձր բոլոր առումներով և իմաստներով ոլորտին։

Ես երջանիկներից եմ, ով հանդիպել և ունեցել է անկրկնելի հոգևոր հայր ՝ տեր Կյուրեղ Տալյանին, ում հոգևոր դաստիարակությունը ստացել եմ ոչ միայն ամեն կիրակի պատարագների ժամանակ, ինչն, ի դեպ մարզում է անձդ և դարձնում այն հոգեպես և ֆիզիկապես ավելի առողջ, այլ նաև սովորական կյանքի անցուդարձում։ Նման հոգևորականի հետ զրուցելը, խորհուրդնր ստանալը մեծ պարգև է։

Տեր հայրը դաստիարակել է բազում հոգևորականների, ովքեր այսօր ծառայում են տարբեր եկեղեցիներում։ Իրենց հետ զրուցելիս զգում եմ այդ հրաշալի կապը, դպրոցը, որի հիմքը եղել է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցին և տեր Կյուրեղը։ Ինչ պատմություններ կան, ինչ հիշողություններ, ինչ վկայություններ։ Եւ ինչ խաղաղություն կա այնտեղ, որտեղ չկա ատելությունը, այլ իմաստություն։

Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, այո։ Մեր եկեղեցին դարեդար պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, գիտությունը։ Եկեք անառակ որդի չլինենք և անիմաստ ու անտեղի չխոցենք այդ կարևորագույն կառույցը, այլ միասին փնտրենք հարցերի և խնդիրների լուծման ելքերը։

Եկեղեցին անհասանելի վայր չէ, այլ մեր տունն է։ Երբ մեր ծնողի հետ խնդիր է ծագում, արդյոք չե՞նք զրուցում և հաշտության ելքեր փնտրում»: