Սիրելի´ ժողովուրդ, այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ: Երբ ուզենաք, այդպես եք վարվելու․ Բագրատ Սրբազան
ՆԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և քաղաքացիները սպասում են նախարար Վահե Ղազարյանին։ «Սիրելի´ ժողովուրդ, այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ: Երբ ուզենաք, այդպես եք վարվելու»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու բացատրություններ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից՝ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։ Սակայն մինչ այս պահը հանդիպումը չի կայացել, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ասել էր, թե Վահե Ղազարյանը հանդիպման է, միաժամանակ նշելով, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով:
«Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է՝ ինքն իր պարտականությամբ, ես իմ կոչումով։ Եկել եմ որպես մարդ, որը գիտի, որ Վահե Ղազարյանը հիմա հոգեկան տագնապների մեջ է այս ամբողջ իրադարձությունների պատճառով, քանի որ հայրենիքից ստրկական զիջումներ կատարելը նաև իր համար է վիրավորական։ Նա ամեն օր ստիպված առնչվում է ստի հետ և հրամանների մի մասի շուրջ հայտնում է իր անհամաձայնությունը, մի մասն էլ փորձում է չկատարել։ Հավատում եմ, որ նա իմ ճանաչած Վահե Ղազարյանն է, որը դեռ ունի քաջություն ու տղամարդկություն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

