Սրբազանին գաղտնալսելու դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ տեղադրողի նկատմամբ հոգեկան ներգործության համար
Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։
«Փաստինֆո»-ն դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է Բագրատ Սրբազանի համարում՝ գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով։ Պարզվեց՝ քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն՝ ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ՝ կնոջ նկատմամբ իբրև հոգեկան ներգործության համար։
Դատախազությունից հայտնեցին, որ այդ օրվա դեպքի առնչությամբ քաղաքացուց է հաղորդում ստացվել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ (հոգեկան ներգործությունը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը):

