Հայկ Շամիրյանն այդ մեքենայով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով 3 մարդու․ քաղաքապետի ազգականը պատմում է «5 մլն դրամի վնասի» մասին
Սա աննախադեպ է, երևի պատմության մեջ կգրանցվի առաջին նման դեպքը, երբ փորձում են դատել մի մարդու, ներկայացնում են, որ սեփականության խոշոր՝ 5,2 մլն դրամի չափի հափշտակություն է, երբ չկա բողոքող կողմ, երբ չկա վնաս կրած կողմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը:
«Խոսքը Արցախի Հանրապետությանը իբր հասցրած վնասի մասին է: Լավ մանևրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ չէ՝ գործ չունեն արցախցիների և նրանց խնդիրների հետ:
Դեպքը հետևյալն է. համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը: Գույքն օտարվել է ավագանու անդամների որոշմամբ, նրանք որոշել են գույքը հանձնել համայնքի ղեկավարի տնօրինությանը՝ հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որ ունեցել է Հայկ Շամիրյանը համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակաշրջանում՝ 2020-ին, որին հետևել է 44-օրյա պատերազմը: Նա ակտիվ ներգրավված է եղել թե քաղաքի ինքնապաշտպանության, թե թիկունքի հարցերի կազմակերպմանը: 44-օրյա պատերազմից հետո 100 բռնի տեղահանված արցախցի ընտանիքների տեղավորել է Ասկերանում:
Հայկ Շամիրյանն այդ մեքենայով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով 3 մարդու, որոնք մեքենա չեն ունեցել: Փաստորեն, ավելի լավ էր, որ այդ մեքենան մնար այնտեղ»,-ասաց նա:

