«Ես ինձ լավ չեմ զգում, ոչ մեկին չեմ տեսնում, մենակ եմ»․ նոր մանրամասներ ուղղաթիռի կործանումից

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ-հոսեյն Էսմայիլին, որը Էբրահիմ Ռաիսիին ուղեկցել է մեկ այլ ուղղաթիռով, հայտնել է, որ օդանավի կործանման պահին եղանակը բարենպաստ էր, իսկ կործանված ուղղաթիռի ուղևորներից մեկը մի քանի ժամ ողջ է եղել։ Այս մասին նա հայտարարել է Իրանի IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքերը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

«Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի հետագծով մառախուղ չկար, ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը», – ասել է Էսմայիլին:

Պաշտոնյայի խոսքով՝ ուղղաթիռի անձնակազմը, որով նա թռչում էր, նկատել է նախագահական ինքնաթիռի անհետացումը մոտ 30 վայրկյան անց, երբ օդաչուն անձնակազմի մնացած անդամներին հրահանգել է բարձրանալ ամպերից վեր։ Ռաիսիի ուղղաթիռի անհետացումից հետո երկրորդ օդանավի անձնակազմը որոնել է նրան և փորձել կապ հաստատել նրա հետ։

Արդյունքում օդաչուներին հաջողվել է կապ հաստատել Թավրիզ քաղաքի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի Ալ-Հաշեմի հետ, որը Ռաիսիի հետ է եղել։ «Հայտարարեցին, որ կապ է հաստատվել օդաչուի՝ կապիտան Մոսթաֆիի բջջային հեռախոսի հետ, բայց նրա փոխարեն պատասխանել է այաթոլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմը և ասել, որ իրեն վատ է զգում, որ իրենք ընկել են լեռնագոգին»,- պատմել է Էսմաիլին։

Նրա խոսքով՝ առնվազն երեք անգամ նա խոսել է իմամի հետ, իսկ կապը նրա հետ պահպանվել է ևս երեք-չորս ժամ աղետից հետո։

Նրա խոսքերից պարզ է դարձել, որ կործանվել է նախագահական ուղղաթիռը։

«Ես ինձ լավ չեմ զգում, չգիտեմ ինչ է եղել, չգիտեմ որտեղ եմ, ծառերի տակ եմ, չգիտեմ, ոչ մեկին չեմ տեսնում, մենակ եմ»,-ասել է իմամը։

Հիշեցնենք, որ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում։

Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցել էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։