ԱՄՆ-ը Վրաստանին կառաջարկի մասշտաբային աջակցություն «հակաարևմտյան գծից հրաժարվելու դեպքում». ԶԼՄ

Ամերիկյան օրինագիծը վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին՝ պայմանավորված «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունմամբ, կառաջարկի տնտեսական և անվտանգային աջակցության փաթեթ Թբիլիսիին, եթե նա հրաժարվի հակաարևմտյան հռետորաբանությունից և մարդու իրավունքների ոլորտում կատարած նահանջից։ Այս մասին տեղեկացրել է Politico պորտալը՝ հղում կատարելով օրինագծի տեքստին։

Ըստ նախագծի դրույթների, որը պետք է այս շաբաթ ներկայացվեր Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ-ը, եթե Վրաստանը կատարի քաղաքական չափորոշիչները, բանակցություններ կսկսի արտոնյալ առևտրային ռեժիմի բացման մասին և կազատականացնի վիզային ռեժիմը վրացիների համար։

Փաստաթուղթը նաև լիազորում է Սպիտակ տանը այդ պարագայում մշակել ռազմական օգնության փաթեթ Վրաստանի համար, մասնավորապես՝ «անվտանգության և պաշտպանության սարքավորումների տրամադրում, ինչը կատարելապես հարմար է ռուսական ագրեսիայից տարածքային պաշտպանության համար, ինչպես նաև ուսուցման, տեխնիկական սպասարկման և գորոծղությունների աջակցման հարակից տարրեր»։ Դրա համար ԱՄՆ-ը պետք է հաստատի, որ «Վրաստանը ցուցադրել է զգալի և կայուն առաջընթաց դեմոկրատիայի վերածննդի հարցում, ինչի մասին կվկայեն առնվազն ազնիվ և ազատ ընտրությունները և հավասարակշռված նախընտրական միջավայրը»։

Օրինագիծը, ինչպես տեղեկացվել է, պարունակում է պատժամիջոցների առաջարկ Վրաստանի կառավարող կուսակցության և ուժային կառույցների  ներկայացուցիչների դեմ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և ցուցարարների դեմ խիստ ուժի կիրառման հետ։