Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը

Ես չգիտեմ՝ ինչպիսի արդյունք և զարգացումներ կունենա երևելի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը:

Այս փուլի համար արձանագրեմ շատ կարևոր երկու հաջողություն.

Մայիսի 9-ի հանրահավաքը, որտեղ մեկտեղվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը: Այս հանրահավաքը «բռնեց» Փաշինյանի վախը՝ նրա համար ակներև դարձնելով, որ այլևս կորցրել է Հայաստանի ժողովրդի վստահությունը:

Երեկվա Ազատության հրապարակի ակցիան, որը վերջնականապես բացահայտեց իշխանության ռեպրեսիվ բնույթը՝ ապացուցելով, որ հին համակարգը՝ իր հոռի բարքերով, ռեստավրացվել է հենց Փաշինյանի դեմքով:

Հիմա շատ կարևոր է, որպեսզի շարժման ղեկավարությունը գիտակցի՝ Փաշինյանի հեռացման կարճաժամկետ պլանը, որի նկատմամբ թերահավատ եմ եղել ի սկզբանե, պետք է փոխարինվի ավելի երկարաժամկետ պլանով:

Շարժումն ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտություն ունի, որը ենթադրում է քաղաքական հարթակի, քաղաքական բովանդակության և ծրագրի համակցում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ:

Այդ դեպքում, 2-3 ամսից հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք՝ Փաշինյանի հեռացման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով:

Շարժման հարթակը չպետք է սևեռվի միայն իմպիչմենթի ճանապարհի վրա, այլ դիտարկի նաև ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարվելու տարբերակը:

Ի վերջո, ցանկացած սահմանադրական լուծում, որը կարող է բերել պետական համակարգի պարալիզացմանը և հնարավոր դարձնի Փաշինյանի քաղաքական մեկուսացումն ու հեռացումն, ընդունելի է:

Ի վերջո, ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց