Վրաստանի վարչապետը պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է առաջադրել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին, ով կփոխարինի Մամուկա Մդինարաձեին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։
«Մենք խորհրդարանին կներկայացնենք պարոն Գելա Գելաձեի թեկնածությունը Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի համար»,- ասել էնա։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Մդինարաձեն էլ կառավարությունում կզբաղեցնի նոր պաշտոն՝ իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի, ինչպես նաև փոխվարչապետի։
Կոբախիձեն հայտարարեց, որ Գելաձեի՝ որպես Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սուլհան Թամազաշվիլին, ով 2025 թվականի ապրիլից ղեկավարում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Անվտանգության մարմիններում ղեկավար պաշտոնների թեկնածուները նոր պաշտոններում կհաստատվեն Վրաստանի խորհրդարանի կողմից։

