ՊՆ-ը պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում:

«Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով»,-ասված  է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով նոր կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ զինված ուժերում:

Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Հրաչ Ստեփանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատելով ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Մհեր Շիրինյանը նշանակվել ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

Արամ Պողոսյանը նշանակվել ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։